Jump to content

Շանդորնե Բալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդորնե Բալին
հունգ.՝ Bali Sándorné
Ծնվել էնոյեմբերի 29, 1927(1927-11-29)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահացել էմարտի 28, 2010(2010-03-28) (82 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ և հասարակական գործիչ
ԱմուսինSándor Bali?

Շանդորնե Բալին (հունգ.՝ Bali Sándorné, նոյեմբերի 29, 1927(1927-11-29), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - մարտի 28, 2010(2010-03-28), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի աշխատանքային ակտիվիստ, 1956 թվականի հակակոմունիստական հունգարական հեղափոխության և աշխատանքային խորհուրդների շարժման մասնակից։

Շանդոր Բալիի կինն է։ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետությունում այլախոհ է։ Հունգարիայում հասարակական կարգի փոփոխությունից հետո հայտնի հասարակական գործիչ է։

Ծագում և ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բուդապեշտցի աշխատավորի ընտանիքում։ Ծննդյան ժամանակ կրել է Մարիա Սարչիկ (հունգ.՝ Szorcsik Mária) անունը։ Աշխատել է գլխարկի արտադրությունում։

Ամուսնացել է գործիքագործ Շանդոր Բալիի հետ։ Ունեցել է երկու երեխա։ Հունգարական ավանդույթի համաձայն, ամուսնանալով կոչվել է Շանդորնե՝ ի պատիվ ամուսնու։

Ապստամբության մասնակից

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի հոկտեմբերին Մարիա Սորչիկը ամուսնու հետ վճռականորեն աջակցել է հունգարական հակակոմունիստական ապստամբությանը։ Մասնակցել են Բուդապեշտի ցույցերին։ Մարիան ակտիվորեն օգնում էր Շանդորին Կենտրոնական աշխատանքային խորհրդում, որտեղ նա զբաղեցնում էր նախագահի տեղակալի պաշտոնը։

Շանդոր Բալին և ԿԱԽ նախագահ Շանդոր Ռացը ձերբակալվել են 1956 թվականի դեկտեմբերի 11-ին և ազատ են արձակվել միայն 1963 թվականին։

Յանոշ Կադարի կառավարման ժամանակ Շանդորնե Բալին ուղղակի ճնշումների չի ենթարկվել, սակայն գտնվել է ՆԳՆ մարմինների խիստ հսկողության տակ։ Մինչև թոշակի անցնելն աշխատել է որպես մատնահարդար։

Մասնակցել է հունգարական այլախոհական շարժմանը։ 1988 թվականին Արպադ Գենցի, Շանդոր Ռացի և Դյորդ Լիտվանի հետ կազմակերպել է Պատմական արդարության կոմիտեն։ Կարևոր դեր է խաղացել 1989 թվականին Իմրե Նաձի վերահուղարկավորման արարողության ժամանակ[1]։ Այս գործոնը արմատական փոփոխություններ էր նշանակում հունգարական հասարակական-քաղաքական համակարգում։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում կոմունիստական ռեժիմի ապամոնտաժումից հետո Շանդորնե Բալին շարունակել է աշխատել Պատմական արդարության կոմիտեում։ Օգնել է նախկին քաղբանտարկյալների կազմակերպությանը։ 2004 թվականին պարգևատրվել է Իմրե Նաձի անվան «Վաստակի համար» շքանշանով՝ ռեժիմի խաղաղ փոփոխությանը մասնակցելու և ազգային միասնությանը աջակցելու համար[2]։

2006 թվականին, Հունգարական ապստամբության 50-ամյակին, Շանդորի և Շանդորնե Բալիների թոռան՝ Շանդոր Բալի-կրտսերի մասնակցությամբ նկարահանվել է ֆիլմ 1956-ի իրադարձությունների մասին՝ «Csapataink harcban álltak»՝ «Մեր զորքերը կռվում էին»։ Ֆիլմում կարևոր տեղ է զբաղեցնում Շանդորնե Բալիի ելույթը[3][4]։

Շանդորնե Բալին մահացել է 82 տարեկան հասակում։ Նրա մահվան օրը՝ 2010 թվականի մարտի 28-ը, համընկել է Շանդոր Բալիի ազատագրման 47-րդ տարեդարձի հետ։

Հատուկ հայտարարության մեջ Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնաին Շանդորնե Բալիին անվանել է «հունգարական ազգի օրինակ»[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elhunyt Bali Sándorné
  2. Öten kaptak Nagy Imre Érdemrendet
  3. Csapataink harcban álltak
  4. Video: Bali Sándor filmje : «Csapataink harcban álltak» 2006
  5. «A kormányfő közleménye Bali Sándorné halálára». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.